Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո «նոր օր» է սկսվում Իսրայել-ԱՄՆ հարաբերություններում: Միջազգային այցերից վերադառնալուց հետո կառավարության առաջին նիստում Նեթանյահուն խոսել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին: «Իսրայելի ու ԱՄՆ-ի միությունը միշտ ամուր է եղել, բայց, ես դա ասել եմ Վաշինգտոնում ու ասում եմ այստեղ, հիմա ավելի ամուր է դարձել»՝ հայտարարեց Իսրայելի վարչապետը: «ԱՄՆ նախագահի հետ մեր հանդիպման ավարտին նա սեղմեց իմ ձեռքն ու ասաց, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում նոր օր է սկսվում: Նոր օրն իրոք սկսվում է ու դա լավ օր է»,- ասել է Բենիամին Նեթանյահուն:
Նա և ԱՄՆ նախագահը ընդհանուր հայտարարի են եկել մերձավորարևելյան մի շարք հարցերում՝ այդ թվում՝ Իրանին զսպելու: Նեթանյահուն ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են համատեղ հանձնաժողովներ ստեղծել, որ կզբաղվեն երկկողմ հարաբերություններով մի քանի ոլորտներում: «Մենք համատեղ խումբ կստեղծենք նաև հարցով, որտեղ նախկինում տարբեր տեսակետներ ունեինք՝ բնակարանաշինությունը Հուդայաստանում ու Սամարիայում՝ Հորդանանի արևմտյան ափին»՝ հավելել է վարչապետը: Թրամփի պաշտոնակալությունից հետո Իսրայելում հավանություն տրվեց մի քանի հազար բնակարանների կառուցմանը Հորդանանի արևմտյան ափին: Փորձագետները կարծում են, որ Օբամայի վարչակազմի հետ տարաձայնությունների ութ տարիներից հետո Իսրայելի իշխանությունները Սպիտակ տան նոր տիրոջից սպասում են ավելի մեղմ քաղաքականություն: Նեթանյահուի ու Թրամփի առաջին հանդիպումը փետրվարի 16-ին էր: Հանդիպմանը հաջոդած մամլո ասուլիսում Թրամփը խոստացել էր, որ կհասնի Իսրայելի ու Պաղեստինի ինքնավարության միջև խաղաղութան «մեծագույն» համաձայնագրի՝ ընդգծելով, որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ պետք է փոխզիջումների գնան:
BBC
Հ.Գ. Մինչ Բարաք Օբաման ու Բենիամին Նեթանյահուն ընդհանուր հայտարարի չէին գալիս ու նույնիսկ Կոնգրեսի հրավերով ԱՄՆ մեկնած Նեթանյահուի հետ Օբաման չէր հանդիպում, ջերմացան Թել Ավիվի ու Մոսկվայի հարաբերությունները: Ավանդաբար Մոսկվան, դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից, ջերմ հարաբերություններ ուներ Պաղեստինի ղեկավարների՝ Յասեր Արաֆաթի ու նրա հաջորդների հետ: Ի՞նչ խաղ է ձևավորվում Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ-սուննի արաբ միապետեր, ՌԴ-Իրան, գուցե Եգիպտոս, ի՞նչ դեր են խաղալու Իսրայելն ու Թուրքիան: Սա նոր ժամանակների պատմությունն է դառնալու, որի համապատկերում զարգանալու են նաև ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ